Կիպրոսի ապստամբություն (1931 թվական)
Կիպրոսի ապստամբություն (1931 թվական) | |||
---|---|---|---|
Ամսաթիվ | 1931 թվականի հոկտեմբերի 21-ից նոյեմբերի սկիզբ | ||
Վայր | Կիպրոս | ||
Մեթոդ | Ցույց, Վանդալություն | ||
Արդյունք | Ապստամբությունը ճնշվել է
| ||
Հակամարտող կողմեր | |||
| |||
Ղեկավարներ | |||
| |||
Կորուստներ | |||
Զոհեր | 7 | ||
Վիրավորներ | 30 | ||
Ձերբակալվածներ | 2,616 |
Կիպրոսի 1931 թվականի ապստամբություն կամ Հոկտեմբերյան դեպքեր (հուն․՝ Οκτωβριανά, Օկտովրիանա), ապստամբություն բրիտանական գաղութատիրության դեմ, որը տեղի է ունեցել 1931 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի սկիզբ։ Այս շրջանում Կիպրոսը բրիտանական գաղութ է եղել։ Ապստամբությունն իրականացվել է հույն կիպրոսցի ազգայնականների կողմից, որոնք առաջ էին քաշում կղզու՝ Հունաստանի հետ միավորման գաղափարը՝ էնոզիս։ Ապստամբների պարտության արդյունքում սկսվել է բրիտանական ավտոկրատական կառավարման շրջան, որը հայտնի էր «Պալմերոկրատիա» (Παλμεροκρατία) անունով, որը տևել է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախքան Առաջին համաշխարհային պատերազմը Կիպրոսը անվանապես եղել է Օսմանյան կայսրության մի մասը, սակայն փաստացի գտնվել է Բրիտանական կայսրության վերահսկողության ներքո՝ համաձայն 1878 թվականի Կիպրոսի կոնվենցիայի։ 1914 թվականի նոյեմբերի 4-ին Օսմանյան կայսրությունը մտել է պատերազմի մեջ՝ հանդես գալով Քառյակ դաշինքի կողմից, որը ստիպել է Բրիտանիային չեղյալ հայտարարել Կիպրոսի կոնվենցիան և կղզին կցել իր տիրույթների հետ։ 1915 թվականին Բրիտանիան Կիպրոսն առաջարկել է Հունաստանին այն պայմանով, որ Հունաստանը պետք է մասնակցի Առաջին համաշխարհային պատերազմին Անտանտի կողմից։ Սակայն հունական կառավարությունն հրաժարվել է՝ հաշվի առնելով այն փաստը, որ այդ պահին պետությունը ներքաշված է եղել ներքին ճգնաժամի մեջ, որը հայտնի է Ազգային պառակտում անունով։ Կիպրոսն արդեն իսկ արծարծվում էր որպես հույների հետ բանակցությունների առարկա, երբ այն 1912 թվականին առաջարկվել էր Հունաստանին՝ Արգոստոլիոն խորը ջրային նավահանգստի փոխարեն[2]։
Պատերազմի ավարտից հետո 1923 թվականի Լոզանի կոնֆերանսի շնորհիվ Բրիտանիայի՝ կղզու նկատմամբ հավակնությունները միջազգային ճանաչում ստացան։ Հունաստանը միակ պետությունն էր, որը կարող էր վիճարկել այդ որոշումը՝ հաշվի առնելով այն փաստը, որ կղզու բնակչության չորս հինգերորդը էթնիկ հույներ էին։ Սակայն այդ ժամանակ Հունաստանը գտնվում էր տնտեսական ծանր դրության և դիվանագիտական մեկուսացման մեջ Հույն-թուրքական պատերազմում կրած կործանիչ պարտության պատճառով, ուստի հույն բանագնացները կոնֆերանսի ընթացքում Կիպրոսի թեման չեն բարձրացրել։ Արդյունքում Կիպրոսը պահպանել է բրիտանական գաղութի իր կարգավիճակը, իսկ Կիպրոսի օրենսդիր խորհրդի անդամների թիվն ավելացվել է՝ հօգուտ բրիտանացի պաշտոնյաների։ Վերոնշյալ անհաջողությունները, սակայն, չեն դադարեցրել «Մեծ գաղափարի» (Μεγάλη Ιδέα) և դրա հետ մեծապես առնչվող էնոզիսի գաղափարախոսությունների տարածումը, որոնց վերջնական նպատակն էր միավորել հունական բնակչություն ունեցող տարածքները հունական անկախ պետության հետ։ 1926 թվականի նոյեմբերին Ռոնալդ Սթորզի նշանակումը՝ որպես Հունաստանի կառավարիչ, կիպրոսցի ազգայնականների մոտ ուժեղացրել է այն գաղափարը, որ բրիտանական իշխանությունը դառնալու է Հունաստանի հետ վերջնական միավորման հիմնաքարը[3]։
1928 թվականին երկու պետությունների հարաբերությունները սրվել են, երբ կիպրոսցի հույները հրաժարվել են մասնակցել Կիպրոսում բրիտանական տիրապետության հաստատման 15 ամյակի տոնակատարություններին։ Հունաստանը ևս մեկ անգամ հանդատրության կոչ է արել՝ սահմանափակելով հույն կիպրական թերթերում հակաբրիտանական հոդվածների տարածումը։ Կրթության ոլորտը դարձել է հակասությունների մեկ այլ պատճառ՝ պայմանավորված Կրթության վերաբերյալ որոշման հետ, որի նպատակն էր նվազեցնել հունական ազդեցությունը Կիպրոսի դպրոցների ուսումնական ծրագրի վրա։ Կիպրոսի եկեղեցին, որն այն ժամանակ կարևոր դեր է խաղացել կղզու հասարակական-քաղաքական կյանքում, դարձել է հունական ազգայնականության բաստիոններից մեկը։ Կիպրոսցիները նաև դժգոհում էին, որ Կիպրոսի հաշվին Մալթայի և Եգիպտոսի նկատմամբ արտոնյալ վերաբերմունք էր ցուցաբերվում[4]։ Հարաբերություններն ավելի են սրվել, երբ գաղութատիրական իշխանությունները միաձայն ընդունել են նոր քրեական օրենսգիրք, որը շատ այլ բաների շարքում նաև թույլ էր տալիս խոշտանգման կիրառումը։ 1929 թվականին Օրենսդիր խորհրդի անդամներ Կիտիոնի արքեպիսկոպոս Նիկոդեմոսը և Ստավրոս Ստավրինակիսը ժամանել են Լոնդոն և Լորդ Փեսֆիլդին հուշագիր ներկայացրել, որը պահանջներ էր ներառում էնոզիսի վերաբերյալ։ Ինչպես նախորդ փորձերը, սա ևս ավարտվել է անհաջողությամբ[5]։
Հակասություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1931 թվականի սեպտեմբերին Սթորզին արգելափակել է Օրենսդիր խորհրդի այն որոշումը, որի նպատակն էր դադարեցնել հարկերի բարձրացումը, որը պետք է լրացներ բյուջեի պակասորդը։ Ի պատասխան հույն կիպրացի պատգամավորները հրաժարական են տվել։ Ավելին, հոկտեմբերի 18-ին Կիտիոնի արքեպիսկոպոս Նիկոդեմոսը կոչ է արել հույն կիպրացիներին քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերել մինչև չընդունվեն էնոզիսի իրենց պահանջները[6]։
Հոկտեմբերի 21-ին 5000 հույն կիպրացիներ՝ հիմնականում ուսանողներ, քահանաներ և քաղաքի նշանավոր անձինք, Նիկոսիայի փողոցներում ցույցեր են սկսել՝ վանկարկելով պրո-էնոզիսական կարգախոսներ։ Ամբոխը պաշարել է կառավարական տունը. երեք ժամ քարեր նետելուց հետո շենքը հրկիզվել է։ Ի վերջո ոստիկանությունը ցրել է ցուցարարներին։ Միևնույն ժամանակ բրիտանական դրոշները հանվել են երկրի պետական գրասենյակներից՝ հաճախ փոխարինվելով հունական դրոշներով։ Կարգուկանոնը վերականգնվել է միայն նոյեմբերի սկզբին։ Բրիտանացիները մեղադրել են Նիկոսիայում գլխավոր խորհրդական Ալեքսիս Կիրուին (կիպրական ծագումով հույն ազգայնական) ապստամբություն հրահրելու համար։ Կիրուն իսկապես կանգնած էր դեպքերի հետևում՝ ապստամբությունից առաջ աշխատելով բրիտանացիների դեմ միասնական ընդդիմադիր ճակատ ստեղծելու ուղղությամբ՝ ուղղակիորեն չհնազանդվելով Աթենքից ստացած հրամաններին։ Արդյունքում 7 ցուցարարներ են զոհվել, 30-ը՝ վիրավորվել, 10-ը՝ ցմահ աքսորվել։ Իսկ 2616 հոգի խռովարար գործողությունների ստացել է տարբեր պատիժներ՝ բանտարկությունից սկսած մինչև տուգանք[6][7]։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապստամբության արդյունքում Կիրուն, ում գործողությունները վնաս են հասցրել ինչպես էնոզիսական նպատակին, այնպես էլ անգլո-հելլենական հարաբերություններին, հեռացվել է իր պաշտոնից։ Ապստամբությունը նաև հարված է հասցրել Սթորզի կարիերային. նա շուտով նշանակվել է Հյուսիսային Ռոդեզիայի կառավարիչ։ Օրենսդիր խորհուրդը և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները վերացվել են. գյուղական իշխանությունների և շրջանային դատավորների նշանակումը փոխանցվել է կղզու նահանգապետին։ Արգելվել է էնոզիսական գաղափարների տարածումը, ինչպես նաև օտարերկրյա դրոշների ծածանումը և 5 հոգուց ավելի մարդկանց հավաքը։ Այս նոր միջոցառումների նպատակն էր ճնշել ուղղափառ եկեղեցու և կոմունիստական կազմակերպությունների գործողությունները։ Գրաքննությունը ծանր ազդեցություն է ունեցել թերթերի գործունեության վրա, մասնավորապես ձախակողմյան քաղաքականության հետ կապված թերթերի։ Այսպիսով, Կիպրոսը թևակոխել է ավտոկրատական մի շրջան, որը հայտնի է «Պալմերոկրատիա» անունով՝ ի պատիվ կառավարիչ Ռիչմոնդ Պալմերի, որը սկսվել է ապստամբությունից կարճ ժամանակ առաջ և շարունակվել է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Այս ապստամբությունը նկարագրվել է որպես ամենաուժեղ ապստամբություն, որին բախվել է Բրիտանիան միջպատերազմյան ժամանակաշրջանում։ Ապստամբությունը կիպրական պատմագրության մեջ հայտնի է Օկտովրիանա (Հոկտեմբերյան դեպքեր) անունով[8]։
2007 թվականի նոյեմբերին և 2016 թվականի հոկտեմբերին համապատասխանաբար Ստրովոլոսում և Պիսուրիում տեղադրվել են Հոկտեմբերյան դեպքերի հիշատակին նվիրված հուշարձաններ[9][10]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Xypolia, Ilia (2017). British Imperialism and Turkish Nationalism in Cyprus, 1923-1939 Divide, Define and Rule. London: Routledge. ISBN 9781138221291.
- ↑ Klapsis, 2013, էջեր 765–767
- ↑ Klapsis, 2009, էջեր 127–131
- ↑ Frendo, 1998, էջեր 47–51
- ↑ Klapsis, 2009, էջեր 131–135
- ↑ 6,0 6,1 Klapsis, 2009, էջեր 135–136
- ↑ Rappas, 2008, էջեր 363–364
- ↑ Rappas, 2008, էջեր 363–369
- ↑ Presidency of the Republic of Cyprus (2016 թ․ հոկտեմբերի 23). «Χαιρετισμός του Προέδρου της Δημοκρατίας κ. Νίκου Αναστασιάδη στην τελετή αποκαλυπτηρίων Μνημείου για την εξέγερση των Οκτωβριανών το 1931, στο Πισσούρι». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Open University of Cyprus (2012 թ․ հոկտեմբերի 14). «Μνημείο πεσόντων εξέγερσης Οκτωβριανών 1931». Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Frendo, Henry (1998). «The naughty European twins of empire: The constitutional breakdown in Malta and Cyprus 1930–1933». The European Legacy: Toward New Paradigms. 3 (1): 45–52. doi:10.1080/10848779808579863.
- Klapsis, Antonis (2009). «Between the Hammer and the Anvil. The Cyprus Question and the Greek Foreign Policy from the Treaty of Lausanne to the 1931 Revolt». Modern Greek Studies Yearbook. 24: 127–140. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
- Klapsis, Antonis (2013). «The Strategic Importance of Cyprus and the Prospect of Union with Greece, 1919–1931: The Greek Perspective». The Journal of Imperial and Commonwealth History. 41 (5): 765–782. doi:10.1080/03086534.2013.789275. S2CID 161803453.
- Rappas, Alexis (2008). «The Elusive Polity: Imagining and Contesting Colonial Authority in Cyprus During the 1930s». Journal of Modern Greek Studies. 26 (2): 363–393. doi:10.1353/mgs.0.0020. S2CID 145799982. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
- Xypolia, Ilia (2017). British Imperialism and Turkish Nationalism in Cyprus, 1923-1939 Divide, Define and Rule. London: Routledge. ISBN 9781138221291.